Ուղիղ 5 տարի առաջ՝ 22.08.2021թ.-ին տեղի ունեցավ Հայաստանի ֆինանսիստների ասոցիացիայի ստեղծման նպատակով հավաքված մի խումբ ֆինանսիստների առաջին ոչ ֆորմալ հանդիպումը, որի ժամանակ ներկաները թղթերի վրա գրեցին 5 տարի հետո Ասոցիացիայի գործունեության վերաբերյալ իրենց պատկերացումները:
5 տարի անց՝ 22.08.2026թ.-ին, Ասոցիացիայի մի խումբ անդամներ հավաքվեցին ամփոփելու Ասոցիացիայի գաղափարի մեկնարկային քննարկումից հետո անցած 5 տարվա ճանապարհը: Մասնավորապես.
1. Ասոցիացիայի ստեղծման գաղափարն ստացավ իրավական կարգավիճակ՝ գրանցվելով որպես ՀԿ,
2. Ասոցիացիայում հաստատվեցին մի շարք ներքին իրավական փաստաթղթեր, այդ թվում՝ Կանոնադրությունը և Անդամակցության կարգը,
3. կարճ ժամանակ անց ձևավորվեցին Ասոցիացիայի կառավարման մարմինները՝ Համաժողով, Խորհուրդ, նախագահ,
4. ձևավորվեցին վերստուգիչ հանձնաժողովը, ֆինանսաբանկային և գիտակրթական հանձնաժողովները,
5. ձևավորվեց Ասոցիացիայի առաջին մասնաճյուղը Գյումրի քաղաքում,
6. Ասոցիացիան մեկնարկեց համագործակցությունը Հայաստանի գործատուների միության, Հայաստանի աուդիտորների պալատի, Հայաստանի լիզինգատուների ասոցիացիայի հետ,
7. Ասոցիացիայի ներկայացուցիչները մասնակցություն են ունենում պետական մարմինների հետ օրենսդրական փոփոխությունների և բյուջետային քննարկումների,
8. Ասոցիացիայի ներկայացուցիչները մասնակցում են միջազգային կառույցների կողմից կազմակերպվող քննարկումներին,
9. Ասոցիացիայի անդամների համար պարբերաբար կազմակերպվում են մասնագիտական սեմինար-քննարկումներ,
10. Ասոցիացիայի անդամները մի շարք ճանաչողական այցելություններ են ունեցել տարբեր ոլորտի կազմակերպություններ,
11. Ասոցիացիայի անդամները պարբերաբար իրազեկվում են ոլորտի օրենսդրական փոփոխությունների մասին,
12. Ասոցիացիայի ներկայացուցիչները հանդիպել են ԲՈՒՀ-երի ուսանողների, քոլեջների և դպրոցների աշակերտների հետ՝ ֆինանսական գրագիտության բարձրացման իրազեկման նպատակով,
13. Ասոցիացիան կազմակերպել է հանդիպումներ գործարարների հետ՝ ֆինանսական կառավարման խնդիրների քննարկման նպատակով,
14. Ասոցիացիային 5 տարվա ընթացքում անդամակցողները 52-ն են, որոնցից 3-ը իրավաբանական անձ, անդամները տարբեր ոլորտները ներկայացնող փորձառու մասնագետներ են՝ պետական, ֆինանսաբանկային, արտադրական, ծառայությունների, շինարարության, կրթական ոլորտներից, անդամներից 6-ը տնտեսագիտության թեկնածուներ են, դոցենտ, 3-ն ունեն միջազգային MBA որակավորում, 3-ը՝ ACCA-ի որակավորում, որոշները մեկնարկել են տարբեր ուղղություններով միջազգային որակավորումների ստացումը, Ասոցիացիան ունի 1 պատվավոր անդամ,
15. Ասոցիացիայի կողմից ձեռք են բերվել համագործակցության նախնական պայմանավորվածություններ՝ միջազգային կառույցների, պետական մարմինների, կրթական հաստատությունների հետ,
16. Ասոցիացիան ձևավորել է միջավայր, որտեղ ոլորտի մասնագետները պարբերաբար կարողանում են կազմակերպել փորձի փոխանակում:
Նշվածներն այն հիմնական ձեռքբերումներն են, որոնք Ասոցիացիայի անդամները 5 տարի առաջ ձևավորված գաղափարից կարողացել են իրականացնել:
Հաշվետվողական կերպով ամփոփելով նախորդ ժամանակահատվածը, ներկաներն այս անգամ նախանշեցին այն հաջորդիվ նախատեսվող ծրագրերի իրականացումը, որոնք համարվում են Ասոցիացիայի կանոնադրական նպատակներ, և որոնց իրականացման քննարկմանը որոշեցին անդրադառնալ 22.08.2030թ.-ին:
Կրկին թերթիկների վրա յուրաքանչյուրը գրեց 2030թ.-ին Ասոցիացիայի մասով իր պատկերացումները, գցեցին նույն շշի մեջ, զմռսեցին՝ 22.08.2030թ.-ին բացելու նպատակով: